Սարկոպտոզով արհեստական ճանապարհով վարակված ճագարների մոտ հետևելով հիվանդության զարգացման կլինիկական արտահայտվածությանը պարզվել է, որ տզերը ներդրման հատվածից (բերանի շրջակայք) մեկ ամսվա ընթացքում տարածվում են քթի, աչքերի, գլխի, ականջի հիմքի, ինչպես նաև վերջավորությունների, որովայնի և շեքի հատվածների վրա։ Միաժամանակ նկատվում է նաև շնչառության և սրտի զարկի հաճախականության արագացում: Համաձայն հետազոտությունների արդյունքների՝ սարկոպտոզով բնական ճանապարհով վարակված ճագարների մոտ հիվանդության բնորոշ կլինիկական նշանները (մազաթափություն, ընկճվածություն, քոր, մաշկի կարմրություն, կեղեր և այլն) սովորաբար առաջանում են մարմնի տարբեր հատվածներում։ Այսպես, մինչև 3 ամսական մատղաշների մոտ սարկոպտոզ հիվանդությունը հիմնականում սկսվում է գլխի դիմային հատվածից: Մեկ տարեկանից բարձր էգերի և արուների մոտ սարկոպտոզը սկսվում է պոչի, հետին վերջավորությունների, շեքային և որովայնի հատվածներից՝ հետագայում ախտաբանական պրոցեսի մեջ ընդգրկելով կենդանու ողջ մարմինը։