Ճագարների վիրուսային արյունահոսային վարակ
Սուր ընթացող կայծակնային և բացառիկ արագությամբ տարածվող վարակիչ հիվանդություն է: Հարուցիչի նկատմամբ զգայունակ են միայն ճագարները: Առավել զգայուն են հասակավոր, 3,0-3,5կգ կենդանի զանգված ունեցող ճագարները:
Հայտնի է, որ համաճարակի սկզբում, առաջինը հիվանդանում են լիատարիք կենդանիները, հետագայում վարակվում են մնացած բոլոր սեռահասակային խմբերը, բացառությամբ կաթնային շրջանում գտնվող ճաարիկների: Վարակված հասակավոր ճագարները 100%ով սատկում են:
Վարակի տարածման միակ աղբյուրը հիվանդ ու վիրուսակիր կենդանիներն են, որոնք մեզի, կղկղանքի, լորձի, արյան հետ վիրուս են արտազատում վարակելով ամիջական շփման, ինչպես նաև կերերի միջոցով: Վակարը մի տնտեսությունից մյուս տնտեսություն կարող է թափանցել մարդկանց ու կենդանիների միջոցով:
Հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար տևում է 48-72 երբեմն մինչև 120 ժամ: Կլինիկորեն հիվանդությունը գրեթե չի դրսևորվում հատկապես սուր ընթացքի դեպքում: Սովորաբար արտաքնապես առողջ ճագարները հանկարծ անակնկալ կերպով սկսում են ջղաձգվել և անսպասելի սատկել: Միայն որոշ առանձնյակների մոտ նկատվում է ընդհանուր ընկճվածություն, ախորժակի կորուս և սատկելուց 1-2 ժամ առաջ քթանցքներից հոսում է դեղին կամ արյունախառը փրփուրանման արտադրություն: Արտաքին զննման պայմաններում երբեմն նույնիսկ անկումից մի քանի րոպե առաջ դժվար է հայտնաբերել հիվանդ և առողջ կենդանիներին: Ճնշվածությունը առավել հաճախ նկատվում է հղիության տարբեր շրջաններում գտնվող ճագարամայրերի մոտ, որոնք սովորաբար անկումից առաջ վիժում են:
Անապահով ֆերմերային տնտեսություններում կանխարգելիչ նպատակով ճագարներին իմունացնում են հատուկ վակցինայով, ամբողջ գլխաքանակը (ներառյալ 45-60 օրական մատղաշը) ներմկանային եղանակով (5,0մլ դոզայով): Իմունացումը պարտադիր կերպով կրկնում են 6 ամիսը մեկ:
Հիվանդության կանխարգելման համր ցանկալի է ճագարաբուծարանի ամբողջ գույքը (վանդակներ, կերամաններ, ծնաբներ, ջրամաններ և այլն) ամիսը 2-3 անգամ աղտահանել հրկիզմամբ: